Իսրայելը կմտնի Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքն ու այնտեղ ռազմական գործողություն կիրականացնի՝ անկախ ԱՄՆ-ի օգնությունից։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցությունից հետո։ Հայտարարությունը հրապարակվել է Իսրայելի վարչապետի գրասենյակի կայքում։
«Ես նաև ասացի, որ առանց Ռաֆահ մտնելու և այնտեղ մնացած գումարտակները ոչնչացնելու չենք կարող հաղթել ՀԱՄԱՍ-ին: Պետքարտուղարին ասացի նաև, թե հույս ունեմ, որ դա կանենք Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց եթե ստիպված լինենք, կանենք մենակ»,- ասել է Նեթանյահուն:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Իսրայելը երախտապարտ է ԱՄՆ-ին վերջին հինգ ամիսների ընթացքում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար։ Նեթանյահուն նաև հավելել է, որ Թել Ավիվը գիտակցում է խաղաղ բնակչության տարհանման անհրաժեշտությունը։