Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համար ամենամեծ մտահոգությունն այն է, որ այն, ինչ անհնար էր պատկերացնել երկու-երեք ամիս առաջ, այսօր սովորական է դառնում։ «Այն, ինչ հիմա անհեթեթ և անհնարին է թվում, երկու-երեք ամսից դառնում է իրականություն»,- ասել է Օրբանը Kossuth ռադիոյի հետ հարցազրույցում:
Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ ի սկզբանե Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին, թե մահաբեր զենք չեն ուղարկի Կիև, իսկ այժմ ասում են, որ Բեռլինը Ուկրաինա կուղարկի հրթիռային համակարգեր, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտն էլ (ISW) պնդում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է ՆԱՏՕ-ի հետ լայնածավալ հակամարտության՝ սովորական սպառազինության կիրառմամբ։ Ինստիտուտը հիշեցնում է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքը, որոնց համաձայն նախատեսվում է մինչև 2024 թվականի վերջ ստեղծել երկու համազորային բանակ և 14 դիվիզիա, ինչպես նաև 16 բրիգադ։
ISW-ի գնահատմամբ՝ Ռուսաստանը ներկայումս չունի կենդանի ուժ, ռազմական ենթակառուցվածք և ուսուցման հնարավորություններ՝ մոտ և միջնաժամկետ հեռանկարում նոր դիվիզիաները բանակի մակարդակի կազմավորումներով համալրելու համար: