ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում, ներկայացնելով 2023 թվականի գործունեության հաշվետվությունը, արձանագրել է, որ դպրոցների տնօրենների եռափուլ նշանակման ատեստավորման ընթացքում թեկնածուների զարգացման ծրագրերի մոտավորապես 85 տոկոսը դրական եզրակացություն չի ստանում: Այսինքն՝ հարցազրույցի փուլ է հասնում հավակնորդների մոտ 15 տոկոսը, իսկ այդ 15 տոկոսի 63 տոկոսը չի հաղթահարում հարցազրույցի փուլը: Նախարար Անդրեասյանն ասել է, որ սա այս պահին «կրթական համակարգի ախտորոշումն է»:
«Մենք նպատակադրվել ենք ոլորտում ներդնել դասընթացների առանձին ծրագիր, որով կօգնենք մեր տնօրեններին և տնօրենների հավակնորդներին ավելի լավ պատրաստվել, ավելի լավ պատկերացնել կրթության կառավարման գործընթացը, որովհետև ակնհայտորեն այն որակը, որ ուզում ենք ապահովել դպրոցում, այս ռեսուրսով չենք կարող անել»,- ասել է նախարար Անդրեասյանը: