Մարտի 21-ի լույս 22-ի գիշերը Ուկրաինայի տարածքը ենթարկվել է ինտենսիվ օդային հարձակման: ՌԴ զինվորականները կիրառել են օդային հարձակման 151 միջոց, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Դա համակցված հրթիռաօդային հարված էր Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքներին, ասվում է առավոտյան զեկույցում: Ուկրաինական կողմին հաջողվել է խոցել 92 թիրախ:
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի խոսքով՝ մարտի 21-ի լույս 22-ի գիշերը տեղի ունեցած հարձակումները դարձել են վերջին ժամանակների ամենախոշոր հարձակումն Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։ Էներգահամակարգի օբյեկտներին հարվածների հետևանքով որոշ շրջաններ հոսանքազրկվել են։
Ավերածությունները հատկապես դաժան են եղել Խարկովում։ Շրջանի ղեկավարի խոսքով՝ ռուսական զորքերը առնվազն 15 հարված են հասցրել էներգետիկ օբյեկտներին։ Քաղաքը գրեթե ամբողջությամբ մնացել է առանց էլեկտրականության։
Զապորոժիեի ատոմակայանը «հոսանքազրկման եզրին է», ասել է շրջանի ղեկավար Իվան Ֆեոդորովը։ Էլեկտրակայանը ուկրաինական էներգահամակարգին միացնող էլեկտրահաղորդման գծերից մեկը հոսանքազրկվել է։
Վթարի է ենթարկվել նաև Դնեպրի հիդրոէլեկտրակայանը, հաստատել է «Ուկրհիդրոէներգոն»: Կրիվոյ Ռոգում վնասվել են նաև կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կրկին կոչ է արել դաշնակիցներին ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Կիև։