Մարտի 22-ին` ժամը 08։30-ի դրությամբ Ջերմուկ տանող ճանապարհը քարաթափման հետևանքով միակողմանի փակ է։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ «Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները շարունակում են իրականացնել քարերի հեռացման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին, ժամը 11:56-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը երկկողմանի փակվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 300 խմ)․ երթևեկությունը երկկողմանի փակ է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։
«Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով իրականացրել են քարերի հեռացման աշխատանքներ։