Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում «Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին միջազգային աջակցություն» թեմայով քննարկման ժամանակ ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընը հիշեցրել է 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսված բոլոր ողբերգական իրադարձությունները:
Պատգամավորի համոզմամբ` պատերազմը, դրան հետևած հայտարարությունը, ԼՂ շրջափակումը և հայաթափումն ունեցել են մեկ հետևանք՝ էթնիկ զտում: Նա նշել է, որ Հայաստանի համար դժվար է եղել մի քանի օրում ընդունել 100 հազարից ավելի բռնի տեղահանված հայերի:
Ըստ պատգամավորի՝ չնայած Հայաստանի կառավարության իրականացրած ծրագրերին՝ ԼՂ հայերի զգալի մասը բախվել է սոցիալական լուրջ խնդիրների: Լոութընը քննարկմանը ներկա կառավարության ներկայացուցիչներից հետաքրքվել է, թե արդյոք Լոնդոնը հետաքննելո՞ւ է ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումը և Ադրբեջանից պահանջելո՞ւ է հեռանալ Հայաստանի ինքնիշխան տարածքից:
«Միջազգային իրավունքի այս չարաշահումների համար հետևանքներ պետք է լինեն։ Պետք է լինեն պատժամիջոցներ։ Կարծում եմ, որ Միացյալ Թագավորությունը դերակատարում ունի ցանկացած խաղաղապահ գործունեության մեջ, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի սահմաններն անվտանգ դարձնելու համար, քանի որ հիմա շատ փխրուն իրավիճակ է: Մենք հոգատարության պարտականություն ունենք։ Այս պալատի պարտականություններից մեկն է՝ աշխարհին տեղեկացնել այս էթնիկ զտումների և այս հսկայական հումանիտար ճգնաժամի մասին»,- նշել է պատգամավորը։