Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում «Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին միջազգային աջակցություն» թեմայով քննարկման ժամանակ Պահպանողական կուսակցության պատգամավոր Սըր Ջոն Ուիթինգդեյլը կիսել է Հայաստան իր վերջին այցի փորձառությունը:
«Չափազանց հուզիչ հանդիպումներ ենք ունեցել Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ: Ես լիովին հավանություն եմ տալիս նրանց աջակցելու մեր կոչերին»,- նշել է պատգամավորը:
Նա կարծիք է հայտնել, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հնարավորություն կա: Ուիթինգդեյլն անդրադարձել է նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին, նշել, որ Հայաստանը պատրաստ է ապահովել այդ կապը, սակայն ո՛չ իր ինքնիշխանության հաշվին, քանի որ Բաքուն տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ:
Պատգամավորի խոսքով՝ թեպետ Հայաստանը ավանդաբար ընկալվում է որպես Ռուսաստանի դաշնակից, այնուամենայնիվ, երկրի բնակչության շրջանում մեծ հիասթափություն կա Մոսկվայից և ցանկություն՝ մոտենալու Արևմուտքին: Ուիթինգդեյլի կարծիքով՝ Հայաստանին պետք է աջակցել այդ հարցում: