Հարավային Կովկասում բարդ իրավիճակ է. խոսքը ժողովրդավարական Հայաստանի վրա հարևան ագրեսիվ Ադրբեջանի հարձակումների և հանցագործությունների մասին է: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին միջազգային աջակցություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Ռուպա Հաքը:
Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման, էթնիկ զտման և բնակչության տեղահանման հարցերին, ինչպես նաև փախստականների խնդիրներին, որոնց նա ծանոթացել է Հայաստան կատարած այցի ընթացքում:
«Այդ երկրում մեր ձայնը պետք է ավելի ուժեղ լինի։ Այս պալատում 2020 թվականին մենք քննարկեցինք Լաչինի միջանցքի շրջափակումը, բայց մեր թույլ արձագանքը խթանեց այն գործողությունները, որոնք տեղի ունեցան»,- նշել է պատգամավորը:
Նա համոզմունք է հայտնել, որ պետք է աջակցել հայ փախստականներին: «Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է վերադառնալ իր հողը, այն վայրերը, որտեղ ապրել է հազարամյակներ շարունակ, թեև մենք տեսնում ենք Արցախի նման տարածքները քարտեզից ջնջելու փորձեր։ Մենք պետք է հետևողական լինենք մեր սկզբունքներում»,- նշել է Հաքը:
Նա նաև քննադատել է, այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիան դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և որ շարունակում է սերտորն համագործակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ: