2023 թվականից սկսած իրականացվել են այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց եկամտային հարկ վճարելու գործիքների ներդրման միջոցով ավելի պարզեցնել դրանց գործընթացը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 21-ի արտահերթ նիստում ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:
Անդրադառնալով ծրագրի առավելություններին՝ նախարարը նշել է, որ հայտատուները հնարավորություն կստանան եկամտային հարկի գումարներից հետ ստանալ իրենց և իրենց ընտանիքի համար կատարված կրթական, սոցիալական, առողջապահական ծախսերը. կրթության գծով մինչև 100.000, իսկ առողջապահության մասով՝ մինչև 50.000 դրամ տարեկան:
Նիստի ընթացքում Վահե Հովհաննիսյանն ընդգծել է կապիտալ ծախսերի աճը նախորդ՝ 2022 թվականի համեմատությամբ: 2023 թվականին կապիտալ ծախսերն ավելացել են 105 մլրդ դրամով՝ կազմելով 494 մլրդ դրամ. աճել է նաև սոցիալական և տնտեսական ծախսերի թիվը՝ կազմելով շուրջ 209 մլրդ դրամ: Շուրջ 46,6 տոկոսով աճել են համայնքային ներդրումային ծրագրերը, գնահատվել են հարկման միջնաժամկետ հնարավորությունները:
Նախարարի խոսքով պարտք/ՀՆԱ հարաբերության օպտիմալ շեմերը գնահատելու և պարտքի կառուցվածքի գնահատմանն ուղղված արտարժույթով պարտքի հետգնման գործառույթների մասով դրամի արժևորման պայմաններում 7,15 տոկոսի եկամտաբերությամբ՝ 500 մլն դոլար ծավալով 2025 թվականի մարման եվրոպարտատոմսերից կատարվել է շուրջ 187 մլն դոլարի պարտատոմսերի ետգնում: Այն միտված է վերաֆինանսավորման ռիսկի նվազեցմանը: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավման և հարկային բեռի սահմանման նպատակով իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, այդ թվում՝ բարձրացվել են ակցիզային հարկերի դրույքաչափերը:
Նախարարը նշել է նաև, որ Ֆինանսների նախարարությունն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է մի շարք աշխատանքներ, որոնց շրջանակներում կատարվել է հարկերի արտոնության արդյունավետությանն ուղղված վերլուծություն:
Զեկուցողը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:
Լրամշակման նպատակով մինչև երկու ամսով հետաձգվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի և Էդգար Հակոբյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթի քննարկումը: