Հանրապետության նախագահի նստավայրում այսօր պաշտոնապես մեկնարկել են Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:
Միջոցառմանը ելույթ է ունեցել Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, որում մասնավորապես նշել է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ձերդ Գերազանցություն դեսպաններ,
Ազնավուր ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի ներկաներ,
Այսօր, Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում մեզ համախմբել է մեծանուն Հայը՝ Շառլ Ազնավուրը (նույն ինքը՝ Վաղինակ Ազնավուրյանը), ում ծննդյան 100-ամյա հոբելյանը համոզված եմ նշելու են ոչ միայն իր երկու Հայրենիքներում՝ Ֆրանսիայում և Հայաստանում, այլև ողջ աշխարհում։
Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում ծնված շանսոնի Լեգենդը հավասարապես ու մեծ նվիրումով ծառայում էր իր երկու Հայրենիքներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, դառնալով մեր երկու երկրները կամրջող հաստատուն օղակ։
Շառլ Ազնավուրը մշտապես ասում էր. «Ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ»: Մենք կարող ենք հավելել. Նա նաև հարյուր տոկոսով աշխարհի քաղաքացի էր։ Միայն մեծ անհատականությունները կարող են համարվել աշխարհի քաղաքացիներ, նրանք, ովքեր օժտված են համաշխարհային արժեքներ կերտելու ձիրքով:
Իր պատկառելի վաստակով Ազնավուրը վաղուց ի վեր դասվել է աշխարհահռչակ արվեստագետների շարքին: Պատահական չէ, որ տարբեր տարիներին, «CNN»-ը և «Times»-ը Ազնավուրին հայտարարել են «Դարի արտիստ», Ֆրանսիան հռչակել է «Ֆրանսիական երգի հայր», իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝«Բարի կամքի դեսպան»։
Եթե փորձենք մտովի անցնել մեր Մեծ հայրենակցի անցած ուղին, ապա այն կարող է վերածվել մի հրաշալի ֆիլմի՝ լուսավոր և լի սիրով, մարդասիրությամբ ու տքնաջան աշխատանքով։ Նրա պատկառելի կերպարը, համոզված եմ, օրինակելի է դարձել աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց համար, ովքեր փորձել են նմանվել Ազնավուրի երգերի կամ ֆիլմերի հերոսներին։
Մեզ՝ հայերիս համար, նա նաև Հայրենիքը սիրելու և նվիրումով ծառայելու լավագույն օրինակ է։
Սիրելի բարեկամներ, կարելի է երկար խոսել մեր Մեծ հայրենակցի մասին, ինչը և պատրաստվում ենք առավել հանդիսավորությամբ անել այս ամբողջ տարվա ընթացքում։
Այսօր մենք ազդարարելու ենք հոբելյանական միջոցառումների մեկնարկը, որի շրջանակներում Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ աշխարհի տարբեր երկրներում կայանալու են բազմաթիվ միջոցառումներ՝ համերգներ, կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ, որոնք աշխարհին կրկին ներկայացնելու են Շառլ Ազնավուրին։ Այդ միջոցառումները շարունակվելու են մինչև 2025 թվականը։
Հարգելի հյուրեր և սիրելի ներկաներ, ուզում եմ տեղեկացնել, որ հոբելյանական միջոցառումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, Ֆրանսիայի կառավարության և Ազնավուր հիմնադրամի հետ համատեղ։ Եվ այսօր Ազնավուր հիմնադրամը մեզ բոլորիս կներկայացնի հոբելյանական տարվա միջոցառումների ժամանակացույցը։ Բոլորիս մաղթում եմ հաճելի երեկո»: