Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում:
«Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ,
Թույլ տվեք շնորհավորել մեր ուկրաինացի և մոլդովացի գործընկերներին` ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշման, ինչպես նաև մեր վրացի գործընկերներին` ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Վերջին որոշումը, անկասկած, մոտեցնում է Եվրոպական միությունը մեր տարածաշրջանին՝ ներկայացնելով նոր իրականություն և բազմաթիվ հնարավորություններ:
Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները զգալիորեն բարելավվել են ինչպես որակապես, այնպես էլ տեմպի առումով: Իմ երախտագիտությունն եմ հայտնում Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերներին` այս առումով Հայաստանի կառավարության ջանքերն ու ձգտումները գնահատելու, ինչպես նաև մեր ժողովրդավարությանն ու անկախությանն անսասան աջակցելու համար:
Եվրոպական երկարաժամկետ քաղաքացիական մոնիտորինգի առաքելության տեղակայումը Հայաստանում ոչ միայն ամրապնդում է Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը, այլև ընդլայնում է անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Ես լավատես եմ, որ շուտով որոշում կկայացվի նաև Եվրոպական խաղաղության գործիքի հասանելիության վերաբերյալ:
Մենք նաև ձգտում ենք հնարավորինս շուտ սկսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը և հավատարիմ ենք մնում CEPA-ի շրջանակում աշխատանքի մեր մասի իրականացմանը, ինչպես նաև հաղորդակցության, էներգետիկ և այլ ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:
Հայաստանը նաև ակնկալում է Եվրոպական միության շարունակական և առավել ակտիվ մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս կապակցությամբ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում այս խորհրդարանի կողմից մարտի 13-ին ընդունված բանաձևի համար, որը վերաբերում է ԵՄ-Հայաստան ավելի սերտ կապերին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությանը: Այս բանաձևը ճշգրտորեն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների զարգացող դինամիկան և դրական տեղաշարժերը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ու բանակցությունների սկզբունքները:
Այս բանաձևի 16-րդ հոդվածը հստակ ձևակերպում է այն սկզբունքները, որոնք պետք է դրվեն կարգավորման և ապագա խաղաղության համաձայնագրի հիմքում:
Իմ գործընկերն արդեն խոսել է այդ սկզբունքների մասին: Ես պարզապես ուզում եմ ավելացնել, որ այդ սկզբունքները համաձայնեցվել և հաստատվել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից վերջին երկու տարիների բանակցությունների ընթացքում: Հայաստանն ամենաբարձր մակարդակով վերահաստատել է իր հանձնառությունները հարաբերությունների շուտափույթ կարգավորման այս հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է լրացուցիչ պահանջներ ներկայացնել Հայաստանին և խոչընդոտել խաղաղ գործընթացի առաջընթացին:
Չափազանց կարևոր է ընդգծել, որ Ալմա-Աթայի հռչակագրում ամրագրված սկզբունքներին հավատարմությունն առարկայական է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համատեքստում, այլև հիմնարար նշանակություն ունի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը հարգելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը: