Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ այսօր առավոտյան Կիևի շրջանում պայթյուններ են որոտացել, աշխատել է հակաօդային պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ Կիևի Սվյատոշինսկի շրջանում բեկորներն ընկել են բնակելի տան և մանկապարտեզի տարածքում:
Շևչենկովսկի շրջանում էլ մեքենաներ են այրվել, շենքերից մեկում բնակարան է այրվել։ Պոդոլսկի շրջանում երկու ձեռնարկության տարածքում հրթիռի բեկորների են ընկել։
Կլիչկոն հայտնել է, որ ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և Կիևի շրջանի վրա մոտ 30 հրթիռ է խոցվել, տուժել է տասը մարդ: Նախօրեին էլ Խարկովի իշխանությունները հայտնել էին հրթիռակոծության հետևանքով առնվազն 5 զոհի մասին:
Առավոտյան պայթյուններ են որոտացել նաև ռուսական Բելգորոդում։ Վնասվել են բնակելի շենք ու «Բելգորոդ Արենա» մարզադաշտի ճակատային հատվածը։
«ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի շրջանի օդում ոչնչացվել է Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի տասը արկ»,- հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի հայտնած նախնական տվյալով՝ Բելգորոդի և Բելգորոդի շրջանի առավոտյան գնդակոծության հետևանքով տուժել է հինգ մարդ, հինգ հազար մարդ էլ մնացել է առանց էլեկտրականության: