Կառավարությունը հաստատեց արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը։
«Ամենամյա մրցանակաբաշխությանը կամավորության սկզբունքով կարող են մասնակցել արտադրանք արտադրող կամ ծառայություններ մատուցող բոլոր իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձինք, իսկ սպառազինության ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների դեպքում՝ միայն նրանք, որոնք քաղաքացիական նշանակության ապրանքներ են արտադրում կամ ծառայություններ են մատուցում»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, որ մրցանակաբաշխությունն իրականացվում է մինչև 200 և 200-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար, որի նպատակով Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից ստեղծվում է փորձագետների աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբի կողմից իրականացվում է մասնակից կազմակերպությունների ներկայացրած հայտի և կից փաստաթղթերի փորձաքննություն։ Սա մրցույթի առաջին փուլն է, և կազմակերպության գործունեության իրականացման վայրի ստանդարտների համապատասխանության գնահատումն արդեն մրցույթի անցկացման երկրորդ փուլն է։
«Մրցույթի առաջին փուլում կատարված աշխատանքների վճարը կախված է կազմակերպությունում աշխատողների թվից և չպետք է գերազանցի հետևյալ չափանիշները՝ եթե մինչև 200 աշխատող ունի, ապա՝ 100 հազար դրամ գումարած ԱԱՀ, իսկ եթե 200-ից ավելի աշխատող ունի, ապա՝ 150 հազար գումարած ԱԱՀ»,- ասաց Պապոյանը։
Նախարարը նշեց, որ աշխատանքային խմբի կողմից վերջնական գնահատականի նշումով կազմած եզրակացությունը հաստատվում է Ստանդարտացման ազգային մարմնի կողմից։
«Եթե մրցույթի երկրորդ փուլ են անցնում կազմակերպությունները, ապա նրանք պետք է փաստաթղթային փորձաքննության փուլում ստանան գոնե 250 միավոր։ Առավելագույն միավորը 750-ն է այս պարագայում։
Մրցույթի երկրորդ փուլում աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վճարը կախված է նորից կազմակերպության աշխատողների թվից, սակայն արդեն տարբեր են. մինչև 200 աշխատողի դեպքում՝ 200 հազար դրամ գումարած ԱԱՀ, 200-ից ավելի աշխատողի դեպքում՝ 300 հազար դրամ գումարած ԱԱՀ։ Այսինքն՝ կրկնապատկվում է գումարը։
Մրցույթի երկրորդ փուլում իրականացված գնահատման արդյունքների հիման վրա աշխատանքային խմբի կողմից կազմվում է եզրակացություն. երկրորդ փուլում 100 միավոր են ընդհանուր միավորները»,- ասաց Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ըստ անվանակարգերի նախապատրաստվում է մրցանակակիրների վերաբերյալ որոշման նախագիծ և ներկայացվում է ՀՀ Կառավարության հաստատմանը:
«Մրցույթում հաղթող մրցանակակիր կազմակերպությունների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի 12-ը։ Կառավարության որոշմամբ հաստատված մրցանակակիրներին որպես պարգև հանձնվում է մրցանակ՝ որակը խորհրդանշող հուշանշան և դիպլոմ։
Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսին. ամսվա երկրորդ հինգշաբթի օրը՝ Որակի համաշխարհային օրվա շրջանակներում։
Որակի մրցանակ ստացած ազգային կազմակերպություններին հնարավորություն է ընձեռվում մասնակցել ԱՊՀ երկրների շրջանակներում անցկացվող նմանատիպ մրցանակաբաշխությունների։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել առողջ մրցակցային միջավայր, արտադրողականությունը դարձնել ավելի արդյունավետ և նպաստել արտահանման ծավալների աճին»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։