ՀՀ ԱԳ նախարարն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ:
«Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, և ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։
Միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու միաձայն որոշումը վկայում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի անվերապահ հավատարմության և կազմակերպության ու գործընկեր պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ լիակատար վստահության մասին։ Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ մեկ վայրում միավորելով ֆրանկոֆոն ընտանիքի տարբեր մարզիկներին ու արվեստագետներին՝ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների ներքո։
Այս տարվա Ֆրանկոֆոնիայի երկամսյակը խորհրդանշական է նաև նրանով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհը նշում է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ առաջարկով և ֆրանկոֆոն պետությունների խմբի միաձայն աջակցությամբ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025 թթ. օրացույցում։
Ազնավուրն ասում էր. «Իմ երկիրը՝ նաև ֆրանսերեն լեզուն է»։ Այս խոսքերը միանգամայն արտահայտում են ֆրանկոֆոնիայի հումանիստական, միավորող ու մշակութային բազմազանությունը խրախուսող բացառիկ բնույթը։
Այս տարի ևս ֆրանկոֆոնիան Հայաստանում մեկ տանիքի ներքո միավորելու է մեր երկրի մշակութային և կրթական գլխավոր դերակատարներին. տասնյակ համալսարաններ, դպրոցներ, թատրոններ, գրադարաններ, մշակութային կենտրոններ երկու ամիս շարունակ խոսելու են ֆրանսերեն, ապրելու են ֆրանկոֆոնիայի գույներով և նշելու են բազմազանության այս բացառիկ տոնը։
Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում գործող ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների գործուն ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու շուրջ 800 մշակութային և ուսուցողական միջոցառումներ։
Ամենայն հաջողություն և անխափան ընթացք եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակին»,- ասված է ուղերձում: