Սպասվում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չորեքշաբթի կներկայացնի առաջարկներ, որոնք կփոխեն ԵՄ նոր անդամների ընդունման կարգը, հայտնում է Politico-ն։
Փաստաթղթի նախագծի համաձայն, որին հղում է անում պարբերականը, Եվրահանձնաժողովը կառաջարկի Ուկրաինան, Մոլդովան և Արևմտյան Բալկանների պետություններն աստիճանաբար ինտեգրել ԵՄ-ին: Դա, ինչպես կարծում են Բրյուսելում, «թույլ կտա ԵՄ անդամակցությանը սպասող պետություններին օգտվել որոշ առավելություններից, այլ ոչ թե տարիներ կամ տասնամյակներ սպասել, մինչև կիրականացվեն անհրաժեշտ բարեփոխումները»:
Մասնավորապես, կառաջարկվի թեկնածու երկրներին թույլ տալ աստիճանաբար միանալ միասնական շուկային։ Միևնույն ժամանակ, ԵՀ-ն զգուշացրել է, որ միասնական շուկայի իրավունքներն ու պարտականությունները «չեն կարող ընտրովի լինել», իսկ ԵՄ առաջնորդները պետք է քննարկեն, թե ինչ պարտավորություններով պետք է ուղեկցվեն շուկա մուտք գործելու այս կամ այն մակարդակները կամ փուլերը:
Քանի որ ԵՄ առաջնորդներից շատերն արդեն զգուշացնում են, որ 30-ից ավելի անդամի դեպքում միությունը ավելի դժվար կլինի կառավարել, Եվրահանձնաժողովը՝ ապագա փակուղիներից խուսափելու համար, կառաջարկի հրաժարվել միաձայնության պահանջից, որն արգելակում է արտաքին և հարկային քաղաքականության վերաբերյալ որոշումների ընդունումը:
Փաստաթուղթը նախատեսում է որակյալ մեծամասնությամբ քվեարկություն «համապատասխան և համամասնական երաշխիքներով, որոնք հաշվի են առնում ռազմավարական ազգային շահերը», նշում է պարբերականը։