ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացումը և առաքելությանը դիվանագիտական անձեռնմխելիության շնորհումը։
«Այս պահին, հավանաբար, արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»,- ասել է Պեսկովը, միաժամանակ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Երևանի գործողությունները համաձայնեցված չեն ադրբեջանական կողմի հետ։
«Եթե մենք ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին։ Ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կընդունվի նման մանդատը, ուստի դա Երևանի միակողմանի որոշումն է»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք՝ ՀՀ խորհրդարանը 57 կողմ, 27 ձեռնպահ ձայներով վավերացրել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը: Հարցը ԱԺ-ում քննարկվել էր երեկ: Հիմնական զեկուցող փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նշել էր, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում է անվտանգության մակարդակը բարձրացնելու, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար:
Համաձայնագրով Հայաստանում ԵՄ առաքելությունը, դրա ստորաբաժանումները, տեխնիկան, անձնակազմը դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն, այսինքն՝ ունենալու են անձեռնմխելիություն: Ըստ փոխնախարարի՝ քաղաքացիական առաքելությունը դրական ազդեցություն է ունենում նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցման տեսանկյունից: