Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Սարատովի մարզի Էնգելս քաղաքը, ինչպես նաև Բելգորոդի շրջանը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը և նշել, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի շրջանի տարածքում խոցել են մեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք, ևս չորսը՝ Սարատովի մարզում։
Մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, զոհեր և ավերածություններ չկան։ Նա նաև տեղեկացրել է, որ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Էնգելս քաղաքի վրա, որի մոտակայքում է գտնվում հեռահար ավիացիայի ռազմական օդանավակայանը։
Ըստ տվյալների՝ Էնգելսի մոտ գործում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիաբազան, որտեղ տեղակայված են Տու-160 և Տու-95ՄՍ հեռահար ինքնաթիռներ։ Ուկրաինային հարվածելու համար Ռուսաստանն օգտագործվում է հեռահար ավիացիա:
Էնգելսի օդանավակայանը երկու անգամ անօդաչու սարքերի հարձակման է ենթարկվել 2022 թվականի վերջին։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն էլ հայտարարել է, որ Բելգորոդում և Ուկրաինայի հետ սահմանին մոտ գտնվող բնակավայրերում, որոնք կանոնավոր հրետակոծությունների են ենթարկվում, դպրոցական արձակուրդը նախատեսվածից շուտ է սկսվելու: