Մենք ասել ենք, որ եթե խաղաղության ամբողջ պայմանագիրը պատրաստ լինի ստորագրելու, և ՀՀ-ն համարի, որ ինքը կարող է ստորագրել, և լինի այնպիսի թեմա, որ եկեք փոխադարձաբար միջազգային ատյաններից հետ կանչենք դատական գործերը, դա քննարկելի և կարող է նույնիսկ տրամաբանական լինել, որովհետև շատ կարևոր է, որ մենք ընդհանրապես հարցերը քննարկելիս դրանք քննարկենք ամբողջության մեջ: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի դեմ դատական գործերը միջազգային ատյաններից հետ կանչելու հնարավորության մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին:
«Մենք ունե՞նք արդյոք մեր ճշմարտությունները, իհարկե ունենք, բայց դա չի նշանակում, որ դա աշխարհում միակ ճշմարտությունն է: Մենք կարող ենք համարել, որ մեր ունեցածը միակ ճշմարտությունն է, բայց միայն մեր համարածը բավարար չէ: Մենք այս հարցերը քննարկելիս պետք է հենվենք այս տրամաբանության վրա: Եթե մենք տեսնենք, որ հաստատվում է կայուն և տևական խաղաղություն, և դրան այդ վերջին շտրիխն է մնացել լրացնելու, մենք կարող ենք գնալ այդ քայլին, եթե տեսնենք, որ չի ստացվում կայուն և տևական խաղաղություն, մենք պարզ է, որ այդ գործիքից չենք հրաժարվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: