Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վարչական վարույթների ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաև հնարավոր խնդիրների առնչությամբ ստացված ազդակները։
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ
-
Պահնորդական ծառայությունների մատուցումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, իսկ պահնորդական գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն պահնորդի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները։
-
Պահնորդական ծառայություններ մատուցած տնտեսվարող սուբյեկտների թիվը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 18 տոկոսով՝ 96-ից դառնալով 113, իսկ պահնորդական ծառայությունների ծավալը աճել է 6 տոկոսով՝ հասնելով 14,1 մլրդ դրամի։
Արձանագրված խնդիրներ և առաջարկվող լուծումներ
-
Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ Ոստիկանության կողմից ևս մատուցվել են պահնորդական ծառայություններ։ Հանձնաժողովը կարևորում է, որ տվյալ դեպքում պահնորդական կազմակերպությունները չհայտնվեն անբարենպաստ մրցակցային պայմաններում, ինչի կապակցությամբ լիազոր մարմնի հետ համապատասխան աշխատանքներ են տարվում։
-
Առկա են մի շարք օրենսդրական պահանջներ, որոնք կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնել տնտեսվարողների համար, կամ որոնց ապահովումը գործնականորեն անհնար է։ Օրինակ՝ պահնորդական կազմակերպությունները պարտավոր են ապահովագրել պահնորդի կյանքն ու առողջությունը, սակայն ՀՀ ապահովագրական շուկայում այդ ծառայությունը չի մատուցվում։ Հանձնաժողովը համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման առաջարկներ է ներկայացրել:
-
Որպեսզի կազմակերպությունները ստիպված չլինեն պահպանել և լիազոր մարմին ներկայացնել մեծ ծավալի փաստաթղթեր, Հանձնաժողովը առաջարկել է Պետական եկամուտների կոմիտեի և կրթական հաստատությունների հետ համագործակցության շրջանակներում լիազոր մարմնի կողմից ստեղծել պարբերաբար թարմացվող էլեկտրոնային շտեմարաններ, որտեղ կպահպանվեն և տեխնիկածրագրային միջոցներով կթարմացվեն կազմակերպությունների, պահնորդների, ինչպես նաև անհրաժեշտ այլ տվյալները։
Առաջարկվել է դիտարկել առանց զենքի օգտագործման պահնորդական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար լիցենզավորման պահանջի վերացման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը, առաջարկվել է այդ ծառայությունների մատուցումը ներառել ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկում, ինչը հնարավորություն կտա կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականացնել համապատասխան հսկողություն՝ միաժամանակ ապահովելով ավելի դյուրին ընթացակարգեր։