Ի՞նչ պետք է ասեինք, պետք է ասեի, որ գիտեք՝ հնարավոր տարբերակն այն է, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում կարող է ունենալ ինքնավարություն, ընդ որում՝ այն արձանագրմամբ, որ դա լինելու է հայ-ադրբեջանական ինքնավարություն, դա է եղել 2018 թվականի բանակցային գործընթացի բովանդակությունը, և սա ապացուցելի է: Ես դրա մասին խոսել եմ, ես դա ապացուցել եմ, դրան բովանդակային արձագանք չի եղել: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:
Ինչ վերաբերում է ՀՀ սահմանի ճշգրտման հիմքերին, ապա Փաշինյանը նշեց, որ Ալմա Աթայի հռչակագիրը հիմք է: «Մեր քաղաքական պայմանավորվածության համաձայն Ալմա Աթայի հռչակագիրը հիմք է, հիմա մենք պետք է վերարտադրենք Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանները, ոչ թե ստեղծենք, այլ վերարտադրենք»,- ասաց վարչապետը:
Խոսելով այն հարցի մասին, թե ո՛ր քարտեզն է դրվում սահմանազատման հիմքում, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ամբողջ խնդիրն այն է, որ այդ քարտեզների թեման շատ բարդ թեմա է: Մի թվականի քարտեզ գոյություն չունի: Այսինքն՝ կա քարտեզի երկայնք, քարտեզի երկայնքով ՀՀ-ը և Ադրբեջանական Հանրապետությունը սահմանի տարբեր կտորները համաձայնեցրել են տարբեր թվականներին, և չկա մի թվականի քարտեզ, որը դե յուրե կպատկերի մեր սահմանագծի ամբողջ երկայնքը՝ իրավական նշանակություն ունեցող: Այսպիսի նրբություններ կան»:
Պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե ինչու է առանց սահմանազատման սահմանագծում իրականացվում, Փաշինյանը նշեց. «Եթե մենք միակողմանիերեն ճիշտ ուրվագիծ ցույց չտանք, դա կարող է որոշ դաշնակիցների մոտ առաջացնել մեկնաբանություն, թե Հայաստանը մեզ ուզում է ներքաշել պատերազմների մեջ: Մենք ասում ենք՝ ոչ, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով մենք մեր դե յուրե սահմաններն ենք արձանագրում և ակնկալում ենք, որ մեր նկատմամբ եղած իրավական պարտավորությունները կատարվեն՝ ապացուցելով, որ մենք ոչ մեկին չենք ուզում ներքաշել ոչ մի կոնֆլիկտի մեջ:
Երբ որ ասում ենք՝ վստա՞հ ենք, որ Ադրբեջանը մեր տարածքից դուրս է գալու, այդ հարցի պատասխանը տալու և այդ հարցը լուծելու համար մենք պետք է ֆիքսենք՝ ո՛րն է մեր տարածքը: Մեր տարածքը ֆիքսելն առաջին կարևոր և անխուսափելի նախապայմանն է և քայլն է, որով պետք է ձևակերպենք մեր տարածքներից դուրս գալու պահանջը դե յուրե, դե ֆակտո և քաղաքական»: