Վերջին շրջանում շատ են ակտիվացել Ակադեմիական քաղաքի մասին խոսակցությունները և հատկապես արվեստի բուհերի և արվեստի կլաստերի շուրջ խոսակցությունը: Գիտեք Կոնսերվատորիայի հետ կապված խոսակցությունները: Եթե այս պահին նորություն կա Ակադեմիական քաղաքի հայեցակարգի և նախագծի գործընթացի վերաբերյալ, խնդրում եմ, ասեք՝ ինչ է սպասում արվեստի բուհերին, և ինչ է նախատեսվում արվեստի կլաստերում այդ բուհերի միավորմամբ ունենալ: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արձագանքելով հարցին, ասաց հետևյալը. «Իրականում այս խոսակցությունները, որ ավելի ինտենսիվ են, մի կողմից, իհարկե, ուրախացնող են, որովհետև երբ որ նախորդ տարի հուլիսին նախարարությունը հայտարարություն հրապարակեց կայքում, որ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման քննարկում է սկսում, և այնուհետև խոսակցություն հրահրելու համար Կառավարության նիստում մենք առանձին անդրադարձ ունեցանք հրապարակված հայտարարությանը, ինձ մոտ տպավորություն էր, որ մեր բուհական ու գիտահետազոտական համակարգը, այնուամենայնիվ, դեռևս այս տեղեկատվությունը չի մարսել և չի արձագանքում: Այդ նույն տպավորությունն ունեի այս մի քանի ամիսների ընթացքում, երբ որ այդ հայտարարությունը ուժի մեջ էր, և մենք սպասում էինք առաջարկներին, ու երբ որ դրանից հետո ստանում ենք ինտենսիվ խոսակցություն, հարց է առաջանում՝ ի՞նչն էր դրա առիթը: Իրականում ոչինչ, այլ բան տեղի չի ունեցել, քան մենք ի սկզբանե հայտարարել ենք, և լավ կլինի, որ բուհերի մեր գործընկերները շատ ավելի ուշադիր լինեն, և չմտածեն, որ դրանք ուղղակի հայտարարություններ են: Դա պրոցես է, որ սկսված է և գնում է, և մենք այդ պրոցեսի շատ տրամաբանական հաջորդ քայլի մեջ ենք, երբ որ աշխատանքային խմբեր ենք ձևավորել, որոնք պետք է մշակեն կլաստերներից յուրաքանչյուրի հայեցակարգը:
Մենք շարունակում ենք քննարկել բովանդակությունն ու կառուցվածքը, թե արվեստների համալսարանը ինչ կրթական ծրագրեր պիտի ունենա, ինչպիսի տրամաբանությամբ պիտի կազմակերպվի կրթությունը, ինչ կարիքներ ունի շենքային տարածքների և գույքային պահանջների մասով, և այս ամենը օրակարգային հարց է»:
Ժաննա Անդրեասյանը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ միջազգային գործընկերների մասնակցությամբ կունենան մշակված ձևակերպումները:
«Նաև պետք է նշեմ, որ առանձին ճանապարհային նախագիծ է կառուցվում, և տրանսպորտային հասանելիության տեսանկյունից Ակադեմիական քաղաքը լինելու է ամենահասանելի վայրերից մեկը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը: