Բազմաթիվ երկրներ ձգտում են ունենալ սեփական ավիացիա, և մենք էլ ենք ձգտում: Կարծես թե ունեինք, բայց վերջերս հասկացանք, որ «Ֆլայ Արնան», որ հիմնվել է նաև պետության ներդրումով, դադարեցրել է թռիչքները և օդանավերն էլ հանել գրանցումից: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նա հետաքրքրվեց, թե այդ մասով ինչ դիրքորոշում կա:
«Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է, բայց պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, բյուջետային ավիաընկերությունները քովիդի համավարակի բերումով դադարեցրին իրենց թռիչքները դեպի ՀՀ, խոսքը «Ռայան էյրի» մասին է, «Վիզ էյրի» մասին է: Մենք այդ իրավիճակում կայացրել ենք որոշում՝ ընկերությանը վստահել է արտաքին շուկայի խոշոր խաղացողներից մեկին: Հետագայում շուկայի կոնյունկտուրան փոփոխություններ է կրել, և նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում՝ հայաստանյան շուկայում, և «Ֆլայ Արնան» մրցակցությանը չի դիմացել»,- նշեց վարչապետը:
Նա հիշեցրեց, որ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել մեր քաղաքացիական ավիացիայի հետ կապված՝ մասնավորապես ԵՄ-ի՝ սև ցուցակում հայտնվելը: «Այո, դա վատ պատմություն է, նաև որոշակի հետևություններ արվում են, և եթե չեմ սխալվում, երեկ ԱԺ-ում մի օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել, որով որոշակի գործողությունների համար, որոնք կատարվում են Ավիացիայի կոմիտեի կողմից, պետտուրքեր են սահմանվել: Դա արվում է նրա համար, որ Ավիացիայի կոմիտեի ֆինանսական հնարավորություններն ավելանան, որ այն հնարավորություն ունենա պատշաճ մասնագետներ վարձել, որոնց գործունեության արդյունքում մենք, հույս ունենք, շատ շուտով Հայաստանը դուրս կգա ԵՄ-ի սև ցուցակից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ես գիտեմ, որ որոշակի ստուգողական գործողություններ են իրականացվել: Եթե դրանց արդյունքները քրեաիրավական գնահատականի համապատասխանեն, կտրվի քրեաիրավական գնահատական»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ նախագիծը շարունակելու մասին մտածելու լավատեսական որևէ հիմք չկա: