ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում գործող միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ ներկայացնելով Ակադեմիական քաղաք ծրագրի հիմնական սկզբունքները:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման շրջանակում միջպետական բուհերի ակտիվ մասնակցությունը՝ նրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում դրանք հաշվի առնելու նպատակով: Այս համատեքստում ներկայացվել են ակադեմիական քաղաքի համար նախագծվող ենթակառուցվածքները և այն նոր հնարավորությունները, որոնք նախատեսված են բուհերի ուսումնական և հետազոտական գործընթացի համար:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Ակադեմիական քաղաքը Կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բարձրագույն կրթության կազմակերպման, հետազոտական և գիտական աշխատանքների պայմանները: Ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու 6 ակադեմիական կլաստերներից:
Նախարարը տեղեկացրել է՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախագծումն իրականացվում է գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության հետ համագործակցությամբ, որը ոլորտում հեղինակավոր և փորձառու կազմակերպություն է: Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ծրագիրը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Երևանի և շրջակա համայնքների, այլև ողջ հանրապետության համար՝ կարևորվելով ինչպես իր ճարտարապետական բաղադրիչով, այնպես էլ էական դրական ազդեցություն թողնելով երկրի ողջ ակադեմիական համակարգի վրա:
Այնուհետև Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով գլխավոր հատակագծի նախնական տարբերակի մանրամասները, անդրադարձել է տեղադիրքի և դրա ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործման հնարավորություններին: Նրա խոսքով՝ գլխավոր հատակագծի հայեցակարգն այժմ մշակվում է առավել մանրամասնությամբ և առաջիկայում կներկայացվի:
Ծրագրի հիմնական մարտահրավերների համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է քաղաքի շահառուների և այցելուների համար տրանսպորտային հասանելիության ապահովման հիմնախնդիրը, որը պետք է ապահովի քաղաքի բնականոն գործունեությունը։
Անդրադառնալով միջպետական բուհերի հետագա գործունեությանը վերաբերող հարցերին՝ ԿԳՄՍ նախարարը բուհերի ռեկտորներին առաջարկել է իրենց գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկել Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում:
«Ստեղծվելու է ենթակառուցվածք, որն իր որակով, բազմազանությամբ և հասանելիությամբ շատ ավելի գրավիչ կլինի բարձրագույն կրթության ու հետազոտության կազմակերպման համար: Նմանօրինակ միջավայրի առկայության պարագայում վստահ ենք՝ բուհերն իրենք կցանկանան քաղաքում տեղ գտնել: Կառավարության այս ծրագիրը հնարավորություն է նաև միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար: Ընդ որում՝ ակադեմիական քաղաքի՝ ամբողջ ծավալով գործելու համար երկարատև ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ միջպետական բուհերի ռեկտորներին առաջարկելով ծրագրի հետ կապված ներկայացնել դիտարկումներ և առաջարկներ:
Առաջարկվել է ձևավորել աշխատանքային առանձին խումբ՝ միջպետական բուհերի կարիքներն ու պահանջներն ակադեմիական քաղաքի ստեղծման գործընթացում հնարավորինս հաշվի առնելու, մշտական իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, նախատեսվող լուծումների քննարկումներն առավել մասնակցային դարձնելու նպատակով:
Միջպետական բուհերի ռեկտորներն Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում կարևորել են շարունակական հանդիպումներն ու քննարկումները` պատրաստակամություն հայտնելով իրենց հեռահար զարգացման ծրագրերում դիտարկելու նաև ակադեմիական քաղաքին ներգրավվածության հնարավորությունը։