ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով հայ-իրանական համագործակցությունը և շեշտել, որ մեծ պոտենցիալ կա հանքարդյունաբերության ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցում։
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից, պղնձի, ոսկու, մոլիբդենի, բազմամետաղների արդյունահանումից, ոլորտում առկա մարտահրավերներից, հանքերի շահագործման ընթացակարգերից, ներդրումային գործիքներից և առկա ռիսկերից։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանը ներառում է ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման բոլոր առաջնահերթությունները՝ կարևորելով դրանցից յուրաքանչյուրը։ Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ հանքարդյունաբերության զարգացումը կարևոր տնտեսական բաղադրիչ լինելուց զատ չպետք է հանգեցնի շրջակա միջավայրի աղտոտմանը։
Խոսելով ոլորտային առաջնահերթություններից՝ նախարարի տեղակալն առանձնացրել է երկրաբանական ուսումնասիրությունը, քանի որ հետազոտությունների հիմնական մասը խորհրդային շրջանում արված ուսումնասիրություններ են։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու հարցում։