ՆԱՏՕ-ի հետ Հարավային Կովկասի երկրների շփումները նրանց ինքնիշխան իրավունքն են. Ռուսաստանը հետևում է դրանց: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Նրա խոսքով՝ Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու Հյուսիսատլանտյան դաշինքի փորձերը «տեսանելի են անզեն աչքով», և դրանք չեն ավելացնի տարածաշրջանում իրավիճակի կայունությունն ու կանխատեսելիությունը: «Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք, բայց մտադիր ենք գլխավորապես կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների և համագործակցության գործիքների վրա, որոնք մեր երկիրն ունի տարածաշրջանի երկրների հետ»,- հավելել է Պեսկովը: