Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ մեկնարկած «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագրի մեկնարկային միջոցառմանը։
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալը շեշտել է, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո Արդարադատության նախարարության համակարգմամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ներպետական կառուցակարգերի ապահովման, իրավակիրառների վերապատրաստման և այլ ուղղություններով: Այս համատեքստում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը՝ գործընթացին համակարգային և բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։
Արձանագրելով, որ Կառավարությունն արդեն իսկ ունի Հռոմի կանոնադրության վավերացմանը հաջորդող քայլերի մասով հստակ պատկերացում՝ Արա Մկրտչյանը կարևորել է այս համատեքստում պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների համատեղ արդյունավետ աշխատանքը։
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յապ Ֆրեդերիքսը բարձր է գնահատել Հայաստանի հետ սերտ համագործակցությունը՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության հետվավերացման համատեքստում:
«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը մասնակիցներին է ներկայացրել ծրագրի հիմնական բաղադրիչները։
Միջոցառմանը մասնակցել են դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ծրագիրն իրականացվում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից` Արդարադատության նախարարության հետ համատեղ: