Ռուսական МИР վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS-տերմինալներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը: Այդ մասին հայտնել է РБК-ն՝ վկայակոչելով «ՎՏԲ Հայաստան»-ի ներկայացուցչին:
Հայաստանում գործում է ՎՏԲ-ի 53 մասնաճյուղ, որոնցից 22-ը գտնվում է Երևանում: Հաճախորդներին հասանելի էնաև ավելի քան 190 բանկոմատ ամբողջ երկրում:
Այժմ МИР քարտերն աշխատում են Հայաստանում և ընդունվում են տեղական բանկերի կողմից:
ՀՀ Կենտրոնական բանկից նշել են, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված:
«Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ: