Բոլոր ճանապարհներն էլ կարևոր են, բայց կարևոր է, որ ունենաս լեգիտիմ հիմք՝ քո տարածքը պաշտպանելու, իսկ լեգիտիմ հիմքը քո տարածքում լինելն է, և եթե այդ տարածքում այսօրվա դե-ֆակտո պայմաններում անցնում են կոմունիկացիաներ, որոնք մեր լեգիտիմ տարածքում չեն, պետք է լուծումներ գտնենք նոր ճանապարհներ կառուցելով, ինչպես արել ենք Գորիս-Կապան ճանապարհի դեպքում: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մտահոգություններին, թե կարող է սպառնալիքի տակ հայտնվել Տավուշով անցնող և Վրաստանը Հայաստանին կապող միջպետական ճանապարհը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու այդ մասին չի խոսվել 30 տարի, Թորոսյանը հակադարձեց:
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները նոր են սկսվել, բայց բոլորս էլ իմացել ենք, որ այդ ճանապարհներն անցնում են այս կամ այն ձևով, և միշտ չէ, որ սահմանն ու ճանապարհը իրարից հեռու են, կան հատումներ, որոնք Խորհրդային Միության շրջանում խնդիր չեն եղել, բայց դրա մասին իմացել են բոլորը, մեր քարտեզների վրա էլ է դա նկարած»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանը, որի ընթացքում անդրադարձ էր կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, հայտարարեց՝ ուրախ պետք է լինենք, որ մեր երկրի վարչապետը, անսալով թափանցիկ կառավարմանն ու ժողովրդավարությանը, հանդիպում է այն մարդկանց հետ, որոնք ապրում են այդ հատվածներում, իսկ Ադրբեջանում մարդկանց կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում:
«Սա նշանակում է, որ մենք որևէ թաքուն, գաղտնի բան չենք անելու»,- հայտարարեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է մտահոգություններին, նշեց՝ դրանք միշտ առկա են:
Լրագրողների դիտարկմանը, թե ինչու է վարչապետը ասել՝ եթե չվերադարձնենք Ադրբեջանի պահանջած տարածքները, պատերազմ կսկսվի, Թորոսյանը նկատեց՝ վերլուծությունները բազմաթիվ կարող են լինել՝ ռազմականից սկսած, տարբեր հրապարակումներով ու հռետորաբանությամբ վերջացրած:
«Այնպես չէ, որ դրա մասին հիմա է ասվել և մինչև այդ չի ասվել: Մենք միշտ էլ նայում ենք, թե ինչ պոտենցիալ մարտահրավերներ կան կամ կարող են լինել»,- ասաց Արսեն Թորոսյանը: