Սահմանազատումը, ըստ էության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության գործընթացի ամենակարևոր բաղկացուցիչներից է: Կարևոր է գործընթացը սկսել, քանի որ, փաստացի, կարող ենք հավերժ խոսել սահմանազատման մասին և երբեք այն չսկսել: Կարծում եմ՝ մեր շահերից է բխում այն սկսելը: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու է սահմանազատումը սկսվելու Տավուշի մարզից, և որ թվականի քարտեզներով է իրականացվելու այն:
«Մեզ համար սկզբունքային հանգամանք է, թե որ քարտեզներով ենք առաջնորդվում, և այդ որոշումը տրամաբանորեն պետք է նշանակի, որ եթե մի հատվածում իրականացնում ենք սահմանազատում, դիցուք, 1974 թվականի քարտեզներով, որը չգիտեմ՝ այդպես է թե չէ, նշանակում է, որ մյուս հատվածներում էլ պետք է իրականացվեն այդ քարտեզներով, որը, միևնույն է, պետք է բխի այն հիմնական սկզբունքից, որ երկու երկրները, միանալով Ալմա-Աթայի հռչակագրին, ճանաչել են խորհրդային վարչական տարածքները որպես պետական սահմաններ, և դրա հիման վրա պետք է կատարվի սահմանագծումը և սահմանազատումը»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, թե դա չի նշանակում նոր սահմանի ստեղծում:
«Դա փաստացի եղած սահմանի իրավական և գետնի վրա ամրագրումը պետք է լինի: Դրա մասին է խոսքը»,- հավելեց Թորոսյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի բնակիչների հետ հանդիպմանը, կարևորեց այն:
«Կարևոր է, որ մարդիկ երկրի ղեկավարից լսեն այդ ամենը: Որևէ վարչական բնակավայր կամ որևէ տարածք, որը մեր իրավական սահմաններում է, այսինքն՝ եղել է խորհրդային Հայաստանի սահմաններում, չենք պատրաստվում որևէ երկրի տալ, իսկ եթե սահմանը գծման կամ իրավական ամրագրման ընթացքում կանցնի որևէ տարածքով, որը այս կամ այն կողմի տիրապետության տակ է, պետք է փոխադարձաբար վերադարձվի այս կամ այն կողմին»,- ասաց Թորոսյանը:
Պատգամավորը կարևորեց պայմանավորվածության ձեռքբերումը, թե որ թվականի քարտեզներով է տեղի ունենալու սահմանազատումը:
«Ցավոք, մինչ օրս այդ պայմանավորվածությունը ձեռք չի բերվել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Նրանք խուսափել են քարտեզների մասին խոսակցությանը վերջնական պատասխան տալուց: Եթե այս գործընթացը մեզ թույլ կտա պայմանավորվել քարտեզների մասին, որոնք ապագայում պետք է դառնան ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հիմքը, դա մեր շահերից է բխում, ավելին, դա է ապահովելու մեր ինքնիշխան տարածքի անվտանգությունը»,- նշեց Թորոսյանը: