Այսօր խոսեցինք Հայաստանի ներքին բարեփոխումների առաջընթացի մասին, և ես ողջունեցի այն փաստը, որ աշխատում եք ձեր ԶՈՒ նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրին ձեր մասնակցության միջոցով: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Դուք իրական հանձնառություն եք ցուցաբերել նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ժողովրդավարական ձեր ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում»,- ասաց Ստոլտենբերգը, ապա շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանի ու տարածաշրջանի համար «ավելի պայծառ ապագա կառուցելուն» ուղղված աշխատանքի համար:
«Լիահույս եմ, որ կշարունակենք ուժեղացնել մեր գործընկերությունը՝ միասին աշխատելով ավելի մեծ խաղաղության, կայունության և բարեկեցության համար Հարավային Կովկասում ու տարածաշրջանից անդին»,- ասաց նա: