Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրավասու մարմիններում քննվող կամ քննված քրեական գործերով վարույթներով պետությանը կամ համայնքին պատճառված վնասները վերականգնվում են ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգնման և ՊԵԿ միասնական հաշվեհամարներին:
Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը (օրինակ՝ տարբեր ՊՈԱԿ-ներ՝ դպրոցներ, բժշկական կենտրոններ և այլն), իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական գործով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվեհամարին:
Քիչ չեն նաև դեպքերը, երբ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով այդ գումարները վճարվում են դատարանների դեպոզիտային հաշվեհամարներին: Տարբեր հաշվեհամարներին նման բնույթի կատարվող վճարումները դժվարացնում են նաև Կառավարության լիազոր մարմնի աշխատանքը, քանի որ վերջինս, ըստ էության, հնարավորություն չունի դիտարկելու այդ գումարների գոյացման աղբյուրը: Այս մասին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ կոմիտեի դեպոզիտ հաշիվը սկսել է վարվել 2014 թ. հոկտեմբեր ամսից, իսկ վճարումները կատարված են 2015 թ. սկսած: Դեպոզիտում առկա գումարը կուտակվել է քրեական վարույթներով պարզված վնասների, կիրառված խափանման միջոցներ՝ երաշխավորության և գրավի, գույքի արգելադրման, ինչպես նաև վարութային ծախսերի (հիմնականում փորձաքննությունների արժեքների) արդյունքում կատարված վճարումներից:
«Առաջարկում ենք սահմանել լիազորող նորմ, որի կիրառմամբ հնարավորություն կընձեռենք, որ բոլոր տեսակի վճարումներն իրականացվեն կենտրոնացված մեկ հաշվեհամարին»,- պարզաբանեց Արա Մկրտչյանը:
Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ՀՀ կառավարության համար սահմանել լիազորող նորմ՝ սահմանելու քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման և հաշվառման, ինչպես նաև որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը:
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
Նախագծի ընդունմամբ կստեղծվի անհրաժեշտ օրենսդրական հիմք ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտով՝ ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի մշակած հայեցակարգային մոտեցումները կյանքի կոչելու համար:
Բացի դրանից՝ նախագծի ընդունմամբ անհրաժեշտ օրենսդրական հիմք կստեղծվի քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար:
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ կլինի ընդունել ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտեր: