«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի կարգավորումները կհստակեցվեն: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ մարտի 19-ի նիստին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ հիշեցնելով, որ այն շրջանառության է դրվել դեռ 3 ամիս առաջ և այժմ վերամշակված տարբերակով ներկայացվել է ԱԺ:
Լիլիթ Գալստյանը հիշեցրեց, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1998 թվականին, մի քանի անգամ փոփոխվել, լրամշակվել է, և այժմ իրավահարաբերությունները կարգավորելու, կատարելագործելու անհրաժեշտություն կա:
Մշակույթի ոլորտում ՀՀ-ն վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6 կոնվենցիա և դրանց կից 6 արձանագրություն ու պայմանագիր: Լիլիթ Գալստյանը դրանցից առանձնացրեց «Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պահպանության մասին» ՀԱԱԳԱ-ի 1954 թվականի կոնվենցիան և նրա երկու արձանագրությունները, որոնք ստորագրած կողմերը պարտավորվում են հարգել կողմերի տարածքներում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով դրանց անմիջական շրջակայքի և պաշտպանական կառույցների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասելուն:
«Կոնվենցիայի անդամակցությունը, իհարկե, նաև պարտավորություններ է սահմանում օրենսդրական մակարդակում վերջինիս կիրառման և արտացոլման համար, սակայն ՀՀ օրենսդրությունում այն արտացոլված չէ»,- ասաց նա:
Մյուս փոփոխությունը վերաբերում է 7-րդ հոդվածին, այն է՝ հուշարձանների օգտագործման արգելումների մեջ լրացվել է «ռազմական նպատակով օգտագործելու արգելանքը»:
«Զինված ընդհարման և պատրեազմական գործողությունների ժամանակ արգելվում է հուշարձանների, դրանց անմիջական շրջակայքի և պահպանության գոտու վերափոխումը, որոնք կարող են հանգեցնել հուշարձանների ավերմանը կամ վնասելուն»,- ասաց Լիլիթ Գալստյանը և հավելեց, որ սա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային արժեքային հաստատումն է, և որ այն նույնությամբ տեղափոխվել է նախագիծ:
Մյուս փոփոխությունը վերաբերում է Կառավարության և լիազոր մարմնի լիազորություններին ու պարտականություններին: Օրինակ՝ հանրապետական կամ տեղական նշանակության հուշարձանների ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում: Բացառիկ դեպքերն են մոնումենտալ արվեստի հուշարձանները կամ ճարտարապետական փոքր ձևերը, որոնց տեղափոխումը հրամայական է, և բխում է հուշարձանի նյութական պահպանության լավագույն շահերից:
«Բոլոր դեպքերում լիազոր մարմինն անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի պատշաճ վայրում հուշարձանների ապամոնտաժման, տեղափոխման կամ վերականգնման համար, և հանրապետական ու տեղական նշանակության հուշարձանի տեղափոխում կատարվում է ՀՀ կառավարության թույլտվությամբ լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա»,- պարզաբանեց Լիլիթ Գալստյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը կարևորեց նախագիծը, ապա հիշեցրեց, որ նախորդ գումարման ընթացքում շրջանառել էր մի նախագիծ (նախագիծը չի ընդունվել - խմբ.), այն է՝ համապետական և տեղային նշանակության պատմամշակութային հուշարձանների ցուցակների թարմացումը խորհրդարանով հաստատելու հարցը, այսինքն՝ երբ որևէ շենք վերոնշյալ ցուցակից դուրս է գալիս, ցուցակը բերվում է խորհրդարան և հաստատվում պատգամավորների կողմից, քանի որ նախորդ տարիներին եղել են հուշարձանների քանդման, տեղափոխման դեպքեր, օրինակ՝ Աֆրիկյանների շենքը, որոնց մասով մտահոգություն կա, թե շենքերն այլ քարերով են վերականգնվել:
Լիլիթ Գալստյանը կարևորեց դիտարկումը, առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցում ներառել նախագծում՝ լրացնելով նոր հոդվածով, թեև երկու պատգամավորն էլ կասկած հայտնեցին, որ առաջինից երկրորդ ընթերցում չեն հասցնի լրացնել նախագիծը:
Հարակից զեկուցող, «ՔՊ» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշեց, որ ընդունելի են նախագծի՝ թե՛ կոնվենցիային համապատասխանեցնելու, թե՛ Կառավարության լիազորությունների շրջանակը մեծացնելու առաջարկությունները:
«ՔՊ» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ սա այն եզակի դեպքերից է, երբ ընդդիմության ներկայացուցիչը փորձում է ընդլայնել Կառավարության լիազորությունները, քանի որ նպատակը շատ ավելի բարձր է, այն է՝ պատմամշակութային արժեքների պատշաճ որակն ապահովելը:
Թեմայի համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր հերթին տեղեկացրեց, որ հուշարձաններին ուղղվող բյուջեն 2024 թվականի համար հասել է մոտ 1,2 միլիարդ դրամի, և որ այս գումարը մի քանի տարի առաջ չէր հասնում 200 միլիոն դրամի: «Այսինքն՝ մենք շեշտակի աճ ունենք հուշարձաններին ուղղվող պետական միջոցների, որը հենց ապացուցում է՝ ինչքան կարևոր է բոլորիս համար այս ոլորտը»,- նշեց նա: