Ինչպես և կանխատեսվել էր, հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
Ինչպես հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 151 սմ, Ամբերդում՝ 72 սմ, Ջերմուկում՝ 56 սմ, մյուս լեռնային մարզերում՝ 10-40 սմ։ Այս պահի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում տեղումները շարունակվում են և կշարունակվեն մինչև մարտի 20-ի կեսօր, որից հետո կարճ ժամանակով կդադարեն։
Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումները կվերսկսվեն. 1500 մ և ավելի բարձրություններում՝ ձյան, իսկ ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։