Երևանում գործող շրջիկ առևտրին վերաբերող իրավակարգավորումները կկիրառվեն նաև մյուս համայնքներում: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ մարտի 19-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Վաչե Տերտերյանը հիշեցրեց, որ դեռ անցած տարեսկզբին էին ընդունվել օրենքներ, որոնց շնորհիվ Երևանում կանոնակարգվեց շրջիկ առևտուրը:
«Այն ժամանակ ԱԺ-ի հետ քննարկումներում պայմանավորվեցինք, որ Երևանի փորձը հաշվի առնելով` որոշակի եզրակացություններ անելուց հետո ներկայացնենք նաև փոփոխություններ, համաձայն որոնց՝ այս կանոնակարգումները կտարածվեն նաև ՀՀ մյուս համայնքների վրա: Հիմա մենք, փաստորեն, այդ գործընթացն ենք իրականացրել, և մեր փոփոխություններով բոլոր գործող կարգավորումները կտարածվեն նաև, Երևանից բացի, մյուս համայնքների վրա»,- ասաց նախարարի տեղակալը:
Ըստ Վաչե Տերտերյանի՝ բացառություն կլինի այն պարտադիր պահանջը, որ կար Երևանի պարագայում, այն է՝ շրջիկ առևտրի թույլտվությունները տրամադրել հատուկ կայքէջի միջոցով, թեև այդ մասով աշխատանքներ են իրականացվում:
«Քանի որ բոլոր համայնքներում ունենք էլեկտրոնային թվայնացված ռեսուրսներ և կայքեր և ունենք հնարավորություն՝ այդ կայքերին որոշակի օժանդակություններ տրամադրելու, մենք նաև ամեն ինչ կանենք, որ շատ կարճ ժամանակում համայնքներում այս թույլտվությունները և շրջիկ առևտրի հետ կապված գործառույթներն իրականացվեն էլեկտրոնային հարթակի միջոցով՝ օգտագործելով թվայնացման հնարավորությունները»,- ասաց նախարարի տեղակալը:
Տերտերյանը նաև հիշեցրեց, որ այս առումով կա նաև Երևանում կիրառված իրավակարգավորումների «պոզիտիվ փորձը»: