Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու մշակվող ռազմավարությունները, ինչպես նաև ԼՂ բռնի տեղահանված անձանց տրվող աջակցության ծրագրերը՝ առաջնային համարելով նրանց կայուն զբաղվածության և արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։
Նախարարության ներկայացուցիչները դեսպանին ներկայացրել են վերջին տարիների ընթացքում երկու երկրների ակտիվ համագործակցությամբ՝ երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության և այլ ոլորտներում իրականացված աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև գենդերային քաղաքականության ռազմավարության գերակա ուղղություններին և սկզբունքներին, որոշումների կայացման և այլ ոլորտներում կնոջ դերի ու ներգրավվածության բարձրացմանը։
Ջոն Գալագերը ևս կարևորել է համատեղ իրականացված աշխատանքների դերը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել կանանց իրավունքների և տնտեսական կարողությունների զարգացման, այդ թվում՝ ԼՂ բռնի տեղահանված կանանց մասնագիտական հմտությունների զարգացման ուղղությամբ համագործակցությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև «Մեկ օրով դեսպան» մրցույթի հաղթող Նունե Մոսիկյանը, որը հյուրընկալվել էր նախարարությունում՝ ծանոթանալու դեսպանի հետ հանդիպման ընթացքին, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտի առանձնահատկություններին։