ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է ստացել տարբեր երկրների ղեկավարներից նախագահի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ: Նա իր թեկնածությունն առաջադրել է հինգերորդ անգամ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ Պուտինը ստացել է ընտրողների ձայների 87 տոկոսը, մյուս երեք թեկնածուն միասին՝ 13-ը:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Լատինական Ամերիկայի երկրներից առաջին շնորհավորանքը Պուտինը ստացել է Վենեսուելայից: Նրան շնորհավորել են նաև Կուբայի, Բոլիվիայի, Նիկարագուայի, Հոնդուրասի ղեկավարները:
Պուտինին շնորհավորել են Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Մյանմայի առաջնորդները, ինչպես նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:
Նախկին խորհրդային հանրապետություններից Պուտինին առաջինը շնորհավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, նրան հետևել են Ուզբեկստանի, Ղազախստանի նախագահները:
Հաղթանակի առիթով Պուտինին շնորհավորել է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ նրան մաղթելով «հաջողություններ նախագահական գործունեության մեջ՝ հանուն երկրի զարգացման և բարգավաճման»: Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին ուշադրության և շնորհավորանքի համար:
Հեռախոսազրույցի ժամանակ նրանք մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և ՌԴ-ի միջև համագործակցության հեռանկարների շուրջ:
Արևմտյան առաջնորդներից Պուտինին շնորհավորանքներ չկան, բացառությամբ X սոցիալական ցանցում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հեգնական գրառումից: