Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ եթե ԵՄ-ն խաղաղություն է ցանկանում, ապա «պետք է պատրաստվի պատերազմի», քանի որ Միությունը դիմակայում է անվտանգության ոլորտում ամենալուրջ մարտահրավերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
«Մենք պետք է լավ պատրաստվենք պաշտպանության հարցում և անցնենք «ռազմական տնտեսության ռեժիմի»,- գրել Է Միշելը La Libre Belgique թերթում հրապարակված հոդվածում:
«Ժամանակն է ստանձնել մեր սեփական անվտանգության պատասխանատվությունը: Մենք այլևս չենք կարող ապավինել ուրիշներին կամ կախված լինել Միացյալ Նահանգներում կամ այլուր ընտրական փուլերից»,- կարծում է Եվրոպական խորհրդի ղեկավարը:
Նա կոչ է արել «ուժեղացնել ներուժը ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի համար՝ պաշտպանելու ժողովրդավարական աշխարհը»: Միշելն ընդգծել է. «Ավելի ուժեղ Եվրոպան կնպաստի ՆԱՏՕ-ի ամրապնդմանը և կբարելավի մեր հավաքական պաշտպանությունը»:
Միշելը նշել է, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինան առաջնահերթություն դարձնի, «ինչպես նաև ավելի շատ ու ավելի խելամիտ ծախսեր կատարի ռազմական նպատակների համար»: