Հայաստանն ունի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, և, կարծում եմ՝ դա չափազանց կարևոր է մեր երկրների համար: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն:
«Մենք նպատակ ունենք համագործակցել մեր գործընկերների հետ այն նպատակով, որ այս միջին միջանցքը վերջապես իրականացնի իր ներուժն ամբողջությամբ:
Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ Հայաստանը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար միջմայրցամաքային ծրագրերում՝ ամրացնելով առևտրային, տնտեսական, ձեռնարկատիրական, ներդրումային համագործակցությունը մեր երկրների միջև, կարող է զգալի խթան հաղորդել մեր երկրների զարգացմանը:
Այս դինամիկան չափազանց կարևոր է մշակութային, հումանիտար կապերի համար: Ղազախստանում կա հայկական սփյուռք, որը ոսկյա կամրջի դեր է խաղում մեր երկրների միացման բնագավառում: Ղազախստանում ապրում է ավելի քան 25 հազար հայ, մեր բազմազգ երկրում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի այս մարդիկ ստանան կրթություն, աշխատեն և ակտիվ մասնակցեն մեր տնտեսության զարգացմանը»,- ասաց նա: