Հնդկաստանը հայտարարել է մոլորակի ամենազանգվածային ընտրության օրը, որին իրավունք ունի մասնակցել գրեթե 1 միլիարդ մարդ։ Խորհրդարանի պատգամավորների քվեարկությունը կանցկացվի ապրիլի 19-ից հունիսի 1-ը ավելի քան 1 միլիոն ընտրատեղամասում։
Արդյունքները կհրապարակվեն հունիսի 4-ին, բայց ըստ BBC-ի, արդեն պարզ է, որ հաղթելու է հինդու ազգայնական Բհարաթիա Ջանատա կուսակցությունը, իսկ 73-ամյա վարչապետ Նարենդրա Մոդին երկիրը կղեկավարի երրորդ ժամկետով։
Մոդիից առաջ միայն մեկ մարդ է կարողացել այդքան երկար պահել աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկի ղեկը՝ դա Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն էր, անկախ Հնդկաստանի հիմնադիր Մահաթմա Գանդիի դաշնակիցը:
Մոդիի կուսակցությանը հակադրվում է ընդդիմադիր ուժերի խայտաբղետ դաշինքը, որը պառակտված է ներքին վեճերի պատճառով: Մոդին հույս ունի ոչ միայն պահպանել աննախադեպ մեծամասնությունը Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատում՝ 543 տեղից 303-ում, այլև ավելացնել այն մինչև 370 պատգամավոր:
Որոշ նահանգներում ընտրությունը կանցկացվի մի քանի փուլով։
«Մենք ժողովրդավարություն ենք բերելու երկրի յուրաքանչյուր անկյուն։ Խոստանում ենք ընտրությունն անցկացնել այնպես, որ Հնդկաստանը մնա ժողովրդավարության փարոս ամբողջ աշխարհում»,- շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է ընտրական հանձնաժողովի ղեկավար Ռաջիվ Կումարը։
BBC-ն նկատել է, որ Մոդին սկսել է քարոզարշավը նախքան ընտրությունների ամսաթիվը հրապարակելը: Վերջին ամիսներին նա ակտիվորեն շրջում է երկրով: