Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկօրյա այց է կատարել Իսրայել և Հորդանան: Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Գազայի հատվածում առաջացած լարվածության հարցը: Շոլցն Իսրայելին կոչ է արել բանակցել «ավելի երկար հրադադարի շուրջ և ապահովել մարդասիրական մատակարարումները տարածաշրջան»: Գերմանիայի կանցլերը Երուսաղեմում հայտարարել է՝ աշխարհը չի կարող պարզապես նայել՝ ինչպես են հազարավոր պաղեստինցիներ մահանում։ Նա հարց է հնչեցրել՝ արդյոք Իսրայելի նպատակները, որքան էլ դրանք կարևոր լինեն, կարո՞ղ են արդարացնել այն բարձր գինը, որ վճարում են խաղաղ բնակիչները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո, ասել է, որ պատրաստ է հետաձգել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից նախապես հայտարարված հարձակումը Գազայի հատվածում Ռաֆահի վրա, քանի դեռ խաղաղ բնակիչները «թակարդում են»:
Գերմանիայի կանցլերը Ռաֆահում ռազմական գործողություն անցկացնելու Իսրայելի մտադրությանն է անդրադարձել Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հանդիպման շրջանակում: Կանցլերին հետաքրքրել է, թե իսրայելական կողմն ինչպես է ապահովելու Եգիպտոսին սահմանակից այդ քաղաքում ապաստանած 1,5 միլիոն փախստականների անվտանգությունը, որոնք այլևս տեղ չունեն փախչելու։ «Ռաֆահում գործողությունը կդժվարացնի տարածաշրջանում խաղաղության հաստատումը»», - մտահոգություն է հայտնել Շոլցը։
Տարածաշրջանային այցի շրջանակում Շոլցը հայտարարել է, որ պաղեստինցիների և իսրայելցիների համար լավագույն լուծումը «երկու պետություն» բանաձևն է։