ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է 2024 թ․ փետրվարի 2-ին Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Նշված օրը Գորիսի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով, Գորիսի 38-ամյա բնակիչը առերևույթ սպանության փորձ է կատարել նույն քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդու և նրա երկու եղբայրների նկատմամբ՝ կրակոցներ արձակելով նրանց ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
«Մասնավորապես պարզվել է, որ Գորիսի 38-ամյա բնակիչը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն հանդիսացող AK-74 տեսակի ինքնաձիգ, ապօրինի կերպով պատրաստված «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող առնվազն 35՝ տարբեր տրամաչափի փամփուշտներ:
Դրանք, 2024 թ. փետրվարի 2-ին իր ավտոմեքենայով փոխադրել է Գորիսի Երևանյան խճուղի-Խաղաղության փողոցների հատման խաչմերուկ, որտեղ ժամը 12:30-ի սահմաններում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առնվազն 4 դիմահար կրակոց է արձակել 40-ամյա տղամարդու եղբոր վարած՝ նշված հատվածով երթևեկող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ։
Մեքենան վնասելուց հետո տղամարդը մի քանի կրակոց էլ արձակել է դրա վարորդի՝ արդեն մեքենաներից դուրս եկած եղբայրների ուղղությամբ, ինչի հետևանքով նրանցից մեկին պատճառվել է ազդրի հրազենային վնասվածք։
Սակայն, հանցագործությունը 38-ամյա տղամարդու կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտները սպառվել են, իսկ մեքենայում ապօրինի պահված AK-74 տեսակի ինքնաձիգը չի հասցրել գործադրել, քանի որ նրա ձեռքից այն խլել են, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում։
Կատարված քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տվյալների իրացման արդյունքում վերջինս 2024 թ. մարտի 14-ին հայտնաբերվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Գորիսի 38-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (3 դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որը բավարարվել է և անձը կալանավորվել է։
Միջոցառումներ են ձեռնարկվում նաև 38-ամյա տղամարդու կողմից ապօրինի գործադրած զենքի ձեռքբերման աղբյուրն ու այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: