ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի և Կանադական խորհրդարանական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում մարտի 16-ին և 17-ին տեղի է ունեցել «Հաշմանդամություն և ներառում» թեմայով աշխատաժողով: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ առաջիկա տարիներին ներառականությունը գտնվելու է ԱԺ աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Նա շնորհակալություն է հայտնել Կանադական խորհրդարանական կենտրոնին աջակցելու համար՝ ընդգծելով քաղհասարակության և ԱԺ աշխատակազմի միջև համագործակցության հարթակ ստեղծելու կարևորությունը:
Ազգային ժողովի աշխատակազմը վերջին երկու տարիներին ակտիվ համագործակցում է քաղհասարակության հետ: Դեռևս 2022 թվականին առաջին անգամ ԱԺ աշխատակազմը նախաձեռնել էր կլոր-սեղան քննարկում ներառականության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ:
«Համագործակցության արդյունքում այս տարի առաջին անգամ բյուջետային հատկացումների մեջ կա նաև ներառականության ապահովման իրականացում բյուջետային միջոցների հաշվին: ԱԺ դերի բարձրացման շրջանակում ունենք հատկացված որոշակի գումար՝ խելամիտ հարմարեցումներ ձեռք բերելու համար: Հաջորդ տարիներին էլ նախատեսում ենք քաղհասարակության գործընկերների հետ իրականացնել միջոցառումներ շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ, որպեսզի խորհրդարանի շենքը դառնա ավելի ներառական և մատչելի»,- ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը՝ հավելելով, որ նախատեսվում է ներառական դարձնել թե՛ շենքային պայմանները, թե՛ մատուցվող ծառայությունները, ինչպես նաև դիտարկվելու են ԱԺ աշխատակազմի իրավական ակտերի համապատասխան փոփոխությունները ներառականության տեսանկյունից:
«Ժողովրդավարական երկրներում ձգտում են, որպեսզի հանրային հատվածում մատուցվող ծառայությունները հավասարապես մատչելի լինեն հասարակության բոլոր խավերի համար»,- ասել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի տեղական համակարգող Հովհաննես Մարգարյանցը: Նա տեղեկացրել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի հետ համագործակցության առանցքային ուղղություններից է աշխատակազմի ինստիտուցիոնալ ու մասնագիտական կարողությունների զարգացումը, գենդերազգայուն, ներառական, կորպորատիվ ռազմավարության և գործառնական պլանի մշակումն ու իրականացումը: Մասնավորապես, ԱԺ աշխատակազմի հետ իրականացվել է խորհրդարանական գործունեության ոլորտում կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրություն: «ԱԺ աշխատակազմը ներառականության ոլորտի հասարակական կազմակերպությունների համագործակցության հարթակ է ստեղծել: Հայաստանի հանրային հատվածում առանձնահատուկ դեպքերից է, երբ կառույցը ոլորտում նման ողջունելի քայլ է կատարում»,- փաստել է Հովհաննես Մարգարյանցը:
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամներն աշխատակազմին ներկայացրել են իրենց ծրագրերը, կատարած աշխատանքները՝ կազմակերպելով քննարկումներ հաշմանդամության ճանաչման մոդելների, խտրականությանը, ֆիզիկական, հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց հետ ճիշտ հաղորդակցությանը վերաբերող թեմաներով:
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների ոչ ֆորմալ միություն է, որի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը՝ հանրային իրազեկման միջոցով:
Ըստ կոալիցիայի անդամների՝ ծրագրերի հաջող իրագործման համար, բացի իրավական հենքից, անհրաժեշտ է նաև աշխատել համայնքային կոնկրետ հատվածների հետ:
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Սիփան Ասատրյանի խոսքով՝ աշխատաժողովի նպատակն է ԱԺ աշխատակազմին իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցվելու էթիկայիվերաբերյալ:
Մասնակիցների հավաստմամբ՝ նմանատիպ աշխատաժողովները, քննարկումները լինելու են շարունակական՝ ի նպաստ մատուցվող ծառայությունների ներառականության: