Ռումինիայի հարավ-արևելքում գործող «Միխայիլ Կոգելնիչանու» ռազմական համալիրի հիման վրա նախատեսվում է ստեղծել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ բազան։ Այդ մասին հայտնում է ռումինական TVRinfo հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ աշխատանքները ռազմական համալիրի ընդլայնման ուղղությամբ սկսվել են։ Վերակառուցումից հետո օբյեկտի ընդհանուր մակերեսը կկազմի 2,8 հազար հեկտար։ Օբյեկտի ընդլայնման համար Ռումինիայի կառավարությունը կներդնի 2,5 մլրդ եվրո։
«Համալիրն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2040 թվականին՝ դառնալով Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմաբազան»,- ասել է բազայի հրամանատար Նիկոլաե Կրետուն։
Նախնական գնահատականներով՝ ռազմակայանի տարածքում կարող է տեղավորվել դաշինքի երկրների մինչև 10 հազար զինծառայող, ներառյալ նրանց ընտանիքներն ու օժանդակ անձնակազմը: Նշվում է, որ ամերիկյան զորքերը «Միխայիլ Կոգելնիչանու» ռազմակայանն օգտագործում են 1999 թվականից:
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը որոշել է առաջադրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նա ընդգծել է, որ Արևելյան Եվրոպայի երկրները զգալի ներդրում ունեն դաշինքի առանցքային որոշումների կայացման գործում։