«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջարկվում է այդ շարքում ավելացնել նաև քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներն առաջարկում են ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Արթուր Հովհաննիսյանը: Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Պարզաբանելով «քրեական ենթամշակույթի քարոզ» սահմանումը` Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ դա քրեական ենթամշակույթի ռոմանտիզացված կերպարների տարածումն ապահովելն է տեսալսողական մեդիայի միջոցով:
Պատգամավորը հավելել է, որ հաշվի են առնվել նաև ՀՌՀ գործընկերների ներկայացրած հիմնավորումներն ու առկա չափորոշիչները:
«Քրեական օրենսգրքում առկա գործողությունները քարոզելը հանրային մուլտիպլեքսում ցերեկային ժամերին ճիշտ չէ և բացասական ազդեցություն է ունենում հասարակական հարաբերությունների վրա»,- փաստել է օրինագծի համահեղինակն ու խոսել հատկապես դեռահասների վրա այդ տեսարանների բացասական ազդեցության մասին:
Հարակից զեկույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ Կառավարության մտավախությունը լուծումների մեթոդաբանությանն է առավել վերաբերում: Նշելով, որ գործադիրը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը, նախարարն առաջարկել է ընդլայնված քննարկումներ կազմակերպել և ոլորտային խնդիրների կարգավորման առավել համակարգային լուծումներ գտնել:
Ընդգծվել է, որ արդի տեխնոլոգիական զարգացման ժամանակաշրջանում, երբ համացանցը և կաբելային հեռուստատեսությունը լայն հասանելիություն են ապահովում, հատվածական լուծումները կարող են այդքան էլ արդյունավետ չլինել:
Հարակից զեկույցում պատգամավոր Հասմիկ Հակոբյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Նա կարևորել է նման սահմանափակումները դեռահասներին հանրային հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունեցող տեսարաններից զերծ պահելու տեսանկյունից:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը: