Ղազախստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման մեջ զգալի ներդրում ունի փոխհամագործակցությունը տարբեր կառույցներում, որոնցից են ՄԱԿ-ը, Անկախ պետությունների համագործակցությունը, ԵԱՏՄ-ն, ինչպես նաև ՀԱՊԿ-ը: Մեր բազմակողմանի կապերը Ղազախստանի և Հայաստանի միջև ուժեղացնելը միանշանակ համապատասխանում է մեր ազգերի շահերին, և դա ունի զգալի ներուժ: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն:
«Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք ևս մեկ քայլ ենք արել այդ ուղղությամբ և, մասնավորապես, ստորագրել ենք արտգործնախարարությունների միջև համագործակցության ծրագիրը 2024-2025 թվականների համար: Կարծում եմ, որ այդ քայլը չափազանց կարևոր է այս մեր կառույցների միջև փոխհամագործակցությունն ուժեղացնելու և ճշգրտելու համար:
Մենք նաև անուշադրության չենք մատնել մեր երկկողմանի հարաբերությունների հիմքը (դա առևտրատնտեսական հարաբերություններն են և ներդրումային համագործակցությունը)՝ հույս ունենալով, որ մեր արտահանման մակարդակը կշարունակի աճել: Վերջերս այն աճել է 23 տոկոսով, վերջին տարվա ընթացքում դա 53 միլիոն դոլար է, և դա չի համապատասխանում մեր ներուժին, այդ իսկ պատճառով մենք պետք է շարունակենք այդ ուղղությամբ աշխատել: Մենք ունենք քաղաքական կամքն ու հնարավորությունները: Այս պահի դրությամբ Ղազախստանը կարող է ավելացնել դեպի Հայաստան արտահանումն ավելի քան 70 կետով՝ ոչ հումքային առևտրի բնագավառում»,- ասաց նա:
ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև փոքր ու միջին բիզնեսին:
«Հայաստանում գրանցված է ավելի քան 100 ձեռնարկություն, որոնք ունեն ղազախական կապիտալ, իսկ մեր երկրում կա 435 ընկերություն, որոնք ունեն հայկական կապիտալ, և 76 ղազախա-հայկական համատեղ ձեռնարկություններ: Այս ձեռնարկատերերի և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար մենք նոր թռիչքներ ենք բացում Աստանայի և Երևանի միջև»,- ասաց նա: