ՀՀ-ն շահագրգռված է իր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ Ամերիկյան մայրցամաքից մինչև Հեռավոր Արևելք, մինչև Արևելյան Ասիա, և, իհարկե, Ղազախստանի հետ հարաբերությունները շատ կարևոր դեր ունեն մեր այս ընկալման մեջ, և շատ ուրախ եմ, որ տեսնում եմ նույն փոխադարձ հետաքրքրությունը ղազախստանյան կողմից: Այդ մասին Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք կոնկրետ պայմանավորվածությունների հանգեցինք այսօր այս հարաբերությունների զարգացման համար»,- ասաց նախարարը:
Տնտեսական հարաբերությունների համատեքստում առանձնազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաև տրանսպորտային կապերին, լոգիստիկ ենթակառուցվածքներին: Ըստ ԱԳ նախարարի՝ այս տեսանկյունից երկու երկրների համար էլ նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է և կարևոր: Արարատ Միրզոյանն իր ղազախ գործընկերոջն է ներկայացրել տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման հայկական տեսլականը:
«Մենք այսօր խոսեցինք «Խաղաղության խաչմերուկի» մասին, լոգիստիկ հնարավորություների՝ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա, հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,- ասաց նախարարը:
Միրզոյանը Մուրատ Նուրտլեուին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև խաղաղության գործընթացները:
«Եվս մեկ անգամ հնարավարություն ունեցա ընդգծելու, որ ՀՀ-ն նվիրված է խաղաղության օրակարգին, հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր կառուցողական ջանքերը՝ պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման [համար]՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, հիմնված սահմանների հետագա սահմանազատման վրա»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ այս գործընթացում առանցքային է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Միության նախկին հանրապետությունները ճանաչվել են նորանկախ: