Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցն Ադրբեջան:
Երկար տարիների հակամարտությունից հետո ներկայումս Հայաստանը և Ադրբեջանը հնարավորություն ունեն հասնելու երկարատև խաղաղության: Ինչպես տեղեկանում ենք ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքից, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես կարող եմ միայն խրախուսել ձեզ օգտվել այս հնարավորությունից՝ Հայաստանի հետ հասնելու կայուն խաղաղության»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 17-19-ը կայցելի Հարավային Կովկաս:
Նախատեսված են հանդիպումներ նաև Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Զաքիր Հասանովի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այնուհետև կմեկնի Թբիլիսի: Նրան կընդունեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Մարտի 19-ին էլ Ստոլտենբերգը կժամանի Երևան՝ հանդիպելու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: