Գաղտնիք չէ, որ Սևանա լիճը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Գրեթե նույնպիսի նշանակություն էլ Սևանա լճի համար ունեն անտառները:
Դրանք կանխարգելում են ջրի գոլորշացումը, էրոզիան, պաշտպանում հարակից համայնքներում հիվանդությունների տարածումը: Անտառների նոսրացումը լճի համար կարող է լինել ճակատագրական, իսկ այդպիսի վտանգ կա:
Գիտնականների խումբն ավարտել է լիճը շրջապատող սոճիների չորացման պատճառի ուսումնասիրությունը:
Պարզվել է, որ ծառերը վնասել են ոչ թե նեմատոդ կոչվող կլոր որդերը, ինչպես Հանքավանի դեպքում, այլ կեղևակեր, երկարաբեղիկ բզեզներն ու սնկային հիվանդությունները: Այլ պատճառներ էլ կան՝ օրինակ, վատ խնամքը, որի հետևանքով ծառերը մոտեցել, ընդհուպ սերտաճել են: Որպես լուծում գիտնականներն առաջարկում են կտրել ծառերը:
Նախարարությունը ծառերը կտրելու հարցում համակարծիք է, բայց առաջարկում է նախ՝ սպասել և համոզվել, որ դրանք չեն վերականգնվում, դրանց փոխարեն տնկել նորերը, հետո նոր կտրել եղածները:
Անի Օհանյանն է լսել մասնագետներին: