ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը և Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգևներով պարգևատրման կարգը և պարգևների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը` կարգադրում եմ.
1. Միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ հայանպաստ գործունեություն իրականացնելու, ժողովրդավարության զարգացման, ազգային և համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով»,- ասված է փաստաթղթում:
ԱԺ պատվո մեդալ է շնորհվել Ֆրանսուա-Քսավիե Բելամիին (ԵԺԿ խմբակցություն, Ֆրանսիայի Հանրապետություն), Միրիամ Լեքսմանին (ԵԺԿ խմբակցություն, Սլովակիայի Հանրապետություն), Վիոլա ֆոն Կրամոն Տաուբադելին (Կանաչների խմբակցություն, Գերմանիայի Դաշնություն):