«Հիանալի հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասը վերածելու խաղաղության և կայունության վայրի»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության ապահովումը ձեռնտու է բոլոր երկրներին։
«Հարավային Կովկասը խաղաղության և կայունության վայրի վերածելու հիանալի հնարավորություն կա։ Տարածաշրջանում խաղաղության ապահովումը ձեռնտու է բոլոր երկրներին: 2020 թվականի նոյեմբերից հետո դրա պատմական հնարավորությունը հայտնվեց»,- ասել է նախարարը։ Ֆիդանը նշել է նաև, որ Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային անվտանգության տեսանկյունից։
«Կարևոր է, որ մյուս տարածաշրջանների երկրները նույնպես աջակցեն այնպիսի նախագծերին, ինչպիսին է Զանգեզուրի գիծը, որը կարևոր է տարածաշրջանային և գլոբալ մասշտաբով»,- ասել է Ֆիդանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Վրաստանին՝ եվրատլանտյան քաղաքական և անվտանգության կառույցներին ինտեգրվելու ճանապարհին։ Ֆիդանը շնորհավորել է Վրաստանին՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան